Սուրբ Ծննդյան թրթրուկ Կալլին
Ժամանակին, մի վայրում, որ կոչվում էր Բեթղեհեմ, ապրում էր մի թրթրուկ՝ Կալլի անունով: Նա լավ թրրթուկ էր և միշտ փորձում էր հեռու մնալ անախորժություններից: Չնայած դա դժվար էր նրա համար, քանի որ նա հաճախ սխալ որոշումներ էր կայացնում:
Մի օր, ուտելիք փնտրելիս երիտասարդ թրթրուկը որոշեց բարձրանալ մի բլրի գագաթը: Հասնելով գագաթին՝ նա նկատեց մի մեծ քարանձավ, որ շրջապատված էր մեծ քարերով: Կալլին ուրախ էր, որ նոր բացահայտում կանի: Նա վստահ չէր, որ մութ քարանձավ բարձրանալը լավ գաղափար է, բայց ամեն դեպքում որոշեց մտնել:
Հայտնվելով քարանձավի ներսում՝ Կալլին զգաց ցուրտ և մենություն: Նա հուզված էր, քանի որ երբեք չէր եղել այդքան մութ և միայնակ տեղում: Շատ արագ նա որոշեց շրջվել և դուրս գալ: Ցավոք, փոքր թրթրուկը ընկել էր մի քանի քարերից և չէր կարող հիշել հետդարձի ճանապարհը: Պետք է ձա՞խ գնար, թե՞ աջ: Կալլին չգիտեր:
Քարանձավում կորելուց երկար ժամանակ անց Կալլին մտածեց, որ հավանաբար այլևս երբեք չի կարողանա դուրս գալ: Նա կորել էր մթության մեջ և ինքն իրեն ասում էր. «Երանի երբեք այս վախենալու քարանձավը մտած չլինեի»: Կալլին վախեցած էր, որովեհտև չգիտեր, թե ինչ անել:
Կալլին արդեն մոտ էր հուսահատվելուն, քանի որ նա մտածում էր, որ իրեն երբեք ոչ ոք չի գտնի: Այդ ժամանակ նա լսեց ավանակների, կովերի և ոչխարների ձայներ: Այդ ձայները նրան ուրախացրեցին, քանի որ նա այլևս այդքան միայնակ չէր:
Բեթղեհեմում ցուրտ և քամոտ ձմեռային գիշեր էր, և հովիվները որոշել էին կենդանիներին ներս մտցնել քարանձավ, որպեսզի դրանք քնեին: Երբ տղամարդիկ մտան իրենց մոմերով, Կալլին տեսավ, որ քարանձավը շատ մեծ էր: Մեծ սրահում տղամարդիկ ծղոտի կույտեր դրեցին, որ կենդանիները դրանք օգտագործեն որպես տաք մահճակալներ: Ինչպես և մյուս կենդանիները, թրթրուկը նույնպես քնկոտ էր երկար օրից հետո: Շուտով բոլորը քնած էին:
Առավոտյան հովիվները արթնացրեցին կենդանիներին և արագ լքեցին քարանձավը: Երբ Կալլին արթնացավ, նրանք արդեն գնացել էին: Կենդանիները և հովիվները շուտ էին դուրս եկել, որ վայելեն առավատյան արևի տաքությունը: «Ի՞նչ եմ անելու հիմա», ասաց Կալին: Նրան թվում էր, որ ստիպված կլինի կյանքի մնացած մասը անցկացնել այդ տեղում:
Շուտով տղամարդիկ վերադաձան, որպեսզի իրենց կենդանիներին ապաստան տան ձմեռային գիշերից: Կալլին ավելի լավ զգաց, քանի որ քարանձավում իր հետ ուրիշները կային, բայց լաց եղավ, քանի որ գիտեր, որ երբեք չի կարողանա դուրս գալ այդ մեծ քարանձավից: Չնայած կենդանիները դեռ այդտեղ էին, նրա ոտքերը շատ կարճ էին տղամարդկանց և կենդանիներին հետևելու և այդ մթությունից դուրս գալու համար:
Ճիշտ այդ ժամանակ, երբ նա խղճում էր ինքն իրեն, մեկ այլ բան տեղի ունեցավ: Մի մարդ, Հովսեփ անունով, մտավ քարանձավ: Նա սկսեց ծղոտից անկողին պատրաստել, բայց ոչ կենդանու համար: Այդ անկողինը իր կնոջ՝ Մարիամի համար էր, որը պետք է պառկեր երեխա ունենալու համար:
Թրթրուկը հետաքրքրությամբ նայում էր Մարիամին, որը պահում էր իր նորածին տղային, որին նա տվեց Հիսուս անունը: Երեխան լցված էր լույսով և սիրով: Երբ Կալլին նայեց Հիսուսին, նա նախկինի պես միայնակ և վախեցած չէր:
Նույն գիշերը, մյուս հովիվները մտան քարանձավ և սկսեցին երգեր երգել փոքր Հիսուսի համար: Քարանձավը, որ նախկինում մութ էր, հիմա լցված էր լույով, որը բոլորին բերում էր երջանկություն և խաղաղություն: Շուտով երեք իմաստուններ, որոնք հետևում էին մի վառ աստի, եկան իրենց Սուրբ Ծնունդի նվերները փոքր Հիսուսին տալու: Նրանք նրան նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս:
Կալլին լցված էր հիացմունքով և ակնածանքով այս երեխայի հանդեպ, որն այդքան երջանկություն էր բերում բոլոր նրանց, ովքեր գալիս էին իրեն այցելելու: Բայց նա տխուր էր, որ չուներ նվեր փոքր Հիսուսին տալու համար: Նա մտածում էր. «Ես ընդամենը միայնակ թրթրուկ եմ, որ կորել է այս քարանձավում: Ի՞նչ նվեր կարող եմ տալ այս երեխային, որ մեզ իր լույսն է տվել»: Նա մտածեց, մտածեց և մի-քիչ էլ մտածեց:
«Ես գիտեմ», Կալլին ասաց: Նա ոգևորված էր այն նվերով, որ պիտի տար Հիսուսին: Նա որոշեց ինքն իրեն փաթաթել որպես Սուրբ Ծննդյան նվեր: Նա զգուշորեն սարքեց բոժոժը և իրեն պատեց դրա ներսում: Ամբողջ ժամանակ Կալլին միայն մտածում էր, թե ինչքան է ուզում իր նվերը տալ Հիսուսին:
Կարճ ժամանակ անց Կալլին դուրս եկավ բոժոժից: Այդ ժամանակ էր, որ նա բացահատեց Սուրբ Ծնունդի հրաշքը: Նա այլևս քարանձավում փակված միայնակ թրթրուկ չէր: Նա մի նոր արարած էր, մի թիթեռ՝ սրտի ձևով հիասքանչ զույգ թևերով:
Երբ Կալլին խավարից դուրս թռավ դեպի լույս, նրա դեմքին ժպիտ կար: Նա գիտեր, որ ճիշտ որոշում էր կայացրել և որ Հիսուսը ուրախ էր իր նվերով: Եվ ամեն անգամ, երբ օդում թռչող թիթեռ ենք տեսնում, դա հիշեցում է, որ մեր սիտրը տանք Հիսուսին:
Վերջ